Բազմավեպ

Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին էր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, որ ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով Հ. Ղուկաս Ինճիճյանի հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։

«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։ Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։ Սկզբնական շրջանում հրապարակել է բազմաբնույթ նյութեր՝ հայագիտական ուսումնասիրություններ, համաշխարհային դասականների երկերի թարգմանություններ, հետաքրքրաշարժ տեղեկություններ, օգտակար խորհուրդներ և այլն

Սկիզբ

1843-1857 թվականներին «Բազմավեպը» եղել է բնական, տնտեսական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթերցողների հասցնել լուսավորական գաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վերածնման համար։ Առաջին շրջանում այս հանդեսում մեծ տեղ էին զբաղեցնում կրոնաբարոյախոսական հաղորդումները, գիտության և արդյունաբերության ոլորտներում նորագույն հայտնագործությունները, աշխարհագրական և հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստության մասին տեղեկությունները։ Սկզբնական շրջանում «Բազմավեպը» կազմված էր 3 մեծ մասերից։ «Բնական գիտութեանց» բաժինն ընդգրկում էր բնաբանությունը, բնալուծությունը, երկրաբանությունը, բնական պատմությունը, այսինքն՝ բուսաբանական և կենդանաբանական ծանոթություններ։ «Տնտեսական գիտութեանց» բաժինը ներառում էր դաստիարակությունը, քաղաքական տնտեսությունը, երկրագործությունը, առողջապահությունը, արվեստները և նորահայտ գյուտերը։ «Բանասիրական տեղեկութեանց» բաժնում զետեղված են տեղեկություններ ժողովուրդների, նշանավոր անձանց մասին, հետևաբար պատմական, աշխարհագրական, բարոյական ծանոթություններ, որոնցից միշտ անբաժան էին նաև ազգային կյանքի և պատմության խնդիրները։

Սկզբնական շրջանում «Բազմավեպը» երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական։ Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում։ Հանդեսի էջերում մշտապես տեղ են գտել գիտական, աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին արժեքավոր նյութեր։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started